Category: Գրականություն 7

Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամեն օր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր, ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրներին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության՝ կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս, որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծննդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյան

Հարցեր

  1. Ի՞նչ երազ տեսավ կաղնին:
  2. Ո՞րն էր կաղնու կործանման պատճառը:
  3. Ու՞մ խոսքերն են. «Ես ապրում եմ հազարավոր գեղեցիկ պահեր, իսկ դու՝ հազարավոր օրեր»:

Ճամփորդություն դեպի Տավուշի մարզ

Օրեր առաջ ես մասնակցեցի եռօրյա ճամփորդության դեպի գեղատեսիլ Տավուշի մարզ: Ես մի քանի անգամ եղել էի արդեն այնտեղ, բայց ամեն անգամ ավելի մեծ հետաքրքրությամբ եմ գնում: Այս անգամ եղանակը անձրևային էր, բայց չխանգարեց մեր հիշարժան ճամփորդությանը: Գնալուց մենք կանգնեցինք Սևանա լճի մոտ և ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ շատ գեղեցիկ լիճ է Սևանը: Ես սիրում եմ Սևանա լճի գույները, քանի որ այն փոփոխվում է օրվա տարբեր ժամերի:

Այնուհետև շարժվեցինք դեպի Ւջևան, շրջեցիք Իջևանի դենտրոպարկում, որտեղ կային մի շարք բույսեր, որոնք տեղ են գտել նաև Կարմիր գրքում: Հետո գնացինք Մոշ հյուրատուն, այն շատ փոքրիկ և հյուրընկալ տեղ էր: Երեկոյան հավաքվեցինք ընկերներով և զրուցեցինք, խաղացինք: Հաջորդ օրը գնացինք Մակարավանք:

Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

Շատ տպավորիչ էր Մակարավանքը, անգամ անձրևոտ եղանակին: Այնուհետև գնացինք հյուրատուն, հանգստացան միքիչ, հավաքվեցինք հյուրասենյակում, ընկեր Կարինեի հետ զրուցեցինք տարբեր բաներից և քննարկեցինք մեր ուսումնական պլանը:

Հաջորդ առավոտ արդեն պետք է վերադառնայինք, բայց ճանապարհին գնացինք Գոշավանք: Գոշավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Գետիկ գետի աջ ափին գտնվող Գոշ գյուղում: Համալիրը կրում է հիմնադրի՝ Մխիթար Գոշի անունը, ով Իվանե Զաքարյանի օգնությամբ 1188թ. ձեռնարկում է վանական համալիրի կառուցման գործը: Վանական համալիրը կազմված է վանական համալիրի հնագույն՝ Սբ. Աստվածածին եկեղեցուց, ժամատնից, Սբ. Գրիգոր և Լուսավորիչ եկեղեցիներից, գրատուն-զանգակատնից, Սբ. Հռիփսիմե փոքր եկեղեցուց, Մխիթար Գոշի համար նախատեսված շինություններից, նաև նրա դամբարանից:

Ես այս ճամփորդության ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանն ունի շատ գեղեցիկ տեսարժան վայրեր, որտեղ գոնե մեկ անգամ պետ է լինել: Այս ճամփորդությունը երբեք չեմ մոռանա:

Կարդում ենք Անդերսեն

Հեքիաթագիր Անդերսենի կյանքը նման է եղել նրա «Անճոռնի բադիկը» հեքիաթին: Հիշո՞ւմ ես՝ ինչպե՜ս էին բոլորը նեղացնում, ծաղրում ու արհամարհում խեղճ ճուտիկին միայն այն բանի համար, որ նա նման չէ իրենց: Իսկ երբ բադիկը մեծացավ, դարձավ ամենագեղեցիկ թռչունը: Պատկերացնո՞ւմ ես, այդպես է եղել նաև Անդերսենի կյանքում:  

Անդերսենը յուրահատուկ երեխա էր: Նա համարյա չէր խաղում հասակակիցների հետ, միշտ առանձնացած էր՝ տարված իր մտքերով: Նրա խաղերն ուրիշ էին: Նա սիրում էր տիկնիկային ներկայացումներ բեմադրել, պատմություններ էր հորինում ու անվերջ երազում: Շրջապատի տղաները չէին սիրում Անդերսենին, ծաղրում էին ու վիրավորում, ճիշտ և ճիշտ անճոռնի բադիկի պես: Պատրաստ էին հարձակվել ու մի լավ ծեծ տալ նրան միայն այն բանի համար, որ նա տարբերվում է իրենցից:

Բովանդակությունը
:

Կենսագրական տեղեկություններ Անդերսենի մասին
Արծաթե դրամը
Երեխայական խոսակցություններ
Հին տունը
Թագավորի նոր զգեստը

Վահան Թոթովենց: Մայրս

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

խոշտանգել-տանջել, չարչարել

կոծել-սգալ


2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:


Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։Մորս հիշելիս ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։


3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Մայրս իմ ամենաթանկն է։ Նա շատ ուշադիր է և հոգատար։ Նա միշտ օգնում է ինձ իր բարի խորհուրդներով։ Ամեն ինչ անում է, որ ճիշտ մարդ մեծանամ։ Անհնար է պատկերացնել կյանքն առանց մայրիկի։

Իջևանի դենդրոպարկ

Իջևանի դենտրոպարկը հրաշք վայր է Հայաստանում, որտեղ Դուք կարող եք մոռանալ քաղաքային աղմուկի մասին, հիանալ բնության հիասքանչ գեղեցկությամբ և վայելել եզակի ծաղիկների բույրով հագեցած մաքուր օդը:

Իջևանի դենդրոպարկը տեղակայված է Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Այն Երևանից 143 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այն գտնվում է Աղստև գետի աջ ափին՝ գետի հին հունի տեղում, որը ծածկված է հողի շերտով։

Դենդրոպարկում կա 650 ծառ ու թուփ։ Այստեղ կան բույսեր գրեթե բոլոր մայրցամաքներից` բացառությամբ Ավստրալիայի :

Դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենի։

Եռօրյա Տավուշ

Նախագծի ժամկետը՝ մայիսի 3-15-ը
Ճամփորդության ժամկետը՝ մայիսի 12-14-ը
Նպատակը՝ ուսումնական, հայրենագիտական, աշխարհագիտական քայլարշավներ, ճանաչենք մեր գետերը՝ Աղստև, Գետիկ, արգելոցները՝ Կենուտի արգելոց, Իջևանի դենդրոպարկ:
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Կարինե Պետրոսյան, Անահիտ Մելքոնյան:
Երթուղի
Երևան-Սևան-Դիլիջան-Ջուխտակ վանք-Իջևան

Վերադարձը` Իջևան-Աղավնավանք-Գոշավանք-Դիլիջան—Սևան-Երևան
Եղանակը՝

Հայրենագիտական կանգառները:
Դիլիջան
Ջուխտակ վանք
Իջևանի դենդրոպարկ
Աղստևի ափ
Աղստևի և Գետիկի միախառնման վայր
Ծռվիզի վանք,
Մակարավանք
Գոշավանք
Կենուտի արգելոց
Աղավնավանք,
Սևանա լիճ

Գիշերակացը` Իջևանի Մոշ հյուրատանը:

Առաջին օր, մայիսի 12
Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 9:00
Կանգառ Սևանի ափին
Նախաճաշ Ջուխտակ վանքում
Քայլք Դիլիջանում, ծանոթացում քաղաքին
Տեղավորում Իջևանում` հյուրատանը, ընթրիք, հանգիստ:

Երկրորդ օր, մայիսի 13
Քայլարշավ Ծռվիզի վանք
Մակարավանք
Իջևանի դենդրոպարկ
Երեկոյան թափառումներ Իջևանում:

Երրորդ օր, մայիսի 14
Գոշավանք
Քայլարշավ Կենուտի արգելոցով Աղավնավանք
Վերադարձ Երևան, կանգառները՝ Գետիկի հովիտ, Սևան

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ

անձնական դեղարկղիկ

արշավային ուսապարկ

տրամաբանական և սեղանի խաղեր

քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ
անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց, գլխարկ
ջուր, ջրաման
առաջին օրվա համար բրդուճներ

փոխնորդ հագուստ, գիշերազգեստ, փոխնորդ  կոշիկ, հողաթափեր, գուլպաներ,  երեսսրբիչ, 

անհատական հիգիենայի պարագաներ:


Նախահաշիվ
Տրանսպորտ -120000 դրամ
Գիշերակացը հյուրատանը – 7000 դրամ անձը՝ 2 գիշեր
Սնունդը յուրաքանչյուրը ՝ 3000 դրամ
Ճամփորդության վճարը մեկ անձի համար՝ 15000 դրամ:

Սովորողների մեծ մասն առաջին անգամն են լինում վերը նշված վայրերում, ես և Անահիտը՝ մի քանի անգամ,

Մասնակիցներ՝
Բիգլարյան Սանահին, 7-4, առաջին անգամն է լինում
Մնացականյան Հայկ, 7-3 երկրորդ անգամն է լինում
Գաբրիելյան Վահե, 7-4 երկրորդ անգամն է լինում
Ղարիբյան Արգիշտի, 7-4 երրորդ անգամն է լինում
Ղազարյան Արեն, 7-3 մի քանի անգամ
Թորոսյան Դավիթ,7-3 առաջին անգամ
Դիլանյան Ավետ, 7-3 երկրորդ անգամն է լինում
Լիլիանա Գևորգյան, 7-2, առաջին անգամն է լինում
Աշոտ Սարգսյան, 7-4, առաջին անգամն է լինում
Արեգ Հարությունյան, 7-4, երկրորդ անգամն է լինում
Վահան Սեդրակյան, 7-4, երկրորդ անգամն է լինում
Վահագն Մաշինյան,7-4 երկրորդ անգամն է լինում
Գալստյան Դավիթ, 7-4 առաջին անգամն է լինում
Մանուկյան Արտյոմ, 7-4 առաջին անգամն է լինում
Եսայան Դավիթ, 7-4 երկրորդ անգամն է լինում
Նարե Ոսկանյան, 7-5 առաջին անգամն է լինում
Արեգ Ազատյան, 7-3 առաջին անգամն է լինում

Վահան Թոթովենց, Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմիկվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

դալկահար- գունատ, գույնը գցած


2. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:

Նրա վերաբերմունքը շատ ջերմ ու դրական էր:


3.Վերնագրի՛ր հատվածները:

Մայրս, Զարուն
4.Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:

Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր:


5. Հատվածը դարձրու արևելահայերեն:
Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։
Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։
Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Մի անգամ գյուղից մի քանի հատ խնձոր էին բերել’ խոշոր ու կաս-կարմիր։ Երբ մեր թևերի վրա փայլեցնում էին մեր պատկերը մեջը երևում էր։ Մայրս հյուրերի համար էր պահում այդ մի քանի խնձորները։ Ես գողացա երկու հատը և տարա մեր հարևան փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով մի աղջիկ էր։ Ես տղաների հետ չէի ուզում խաղալ միշտ իմ խաղընկերը Զարուն էր։ Զարուի ծնողները մեկ- երկու օրից Պոլիս պիտի գնային՚ տանելով իրենց հետ Զարուին էլ։

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

սաթ-սև կամ դեղնավուն խեժ

չարշաֆ- մուսուլմանական գլխաշոր

միստիկ-խորհրդապաշտ

ֆես-փնջավոր գլխարկ


2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

Սիրեմ քըզի․․․- Սիրում եմ քեզ

Ակոբը գնաց սիրելիին քով-Հակոբը գնաց սիրելիի մոտ։

Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։ – Գիտես թե ամպի վրայով կթռչե, ասում էին շատերը։

Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։ – Մարան, այսօր լավ կերե՞լ ես,-հարցնում էր Հակոբը։

Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։ – Շուտով տուն կգնանք,-ասում էր Հակոբը։

Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։ – Հը՞, չե՞ս ուզում, ուզու՞մ ես շատ մնանք։

Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։ – Նորից երգե՞մ քեզ համար, այո՞, Մարան, հարցնում էր Հակոբը։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Մայրս ասում էր հորս․-Հաջի Էֆենդի, տունը տուն դարձավ։


3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։


4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Ես շատ տպավորված եմ պատմվածքի ձիուց, բայց ամենաշատը ես սիրում եմ շներին։ Իմ երազանքն է շուն պահել, ես սիրով կպահեմ, ման կտամ, կկերակրեմ և կխնամեմ նրան։ Իմ կարծիքով շունը շատ հավատարիմ կենդանի է և մարդու համար շատ լավ ընկեր։


5. Ընդգծիր համեմատությունները:

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Ղազարոս Աղայան

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլ ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է եղել և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[2] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Առաջադրանք:

Ինքնուրույն վերլուծիր ստեղծագործությունը:

Այս պատմության մեջ հերոսը Գյուլնազ տատն է, ով հետաքրքիր պատմություններ է պատմում երեխաներին: Նրա պատմությունները չարի ու բարության մասին են: Նրա պատմությունների հիմնական ասելիքն այն է, որ առաջ երկինքը երկրին ավելի մոտ է եղել և մարդիկ անգամ լսել են հրեշտակների երգը, բայց ժամանակի ընթացքում չարությունը շատացել է և երկինքը հեռացել է մարդկանցից և չի լսվել հրեշտակների երգը: Գյուլնազ տատը սրանով ուզում է ասել, որ Աստծուն մոտենալու համար պետք է միայն բարի գործեր անել, գոռոզ ու հպարտ չլինել։