Համո Սահյանի բանաստեղծություններից

8-րդ դասարան

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում, —
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

ՆԵՂՎՈՒՄ ԵՄ…

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ:

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Leave a comment